ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: «Պարոն Միլսը շնորհավորեց նոր կառավարության ձևավորման ու իմ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ցանկություն հայտնեց տեղեկանալ, թե որոնք են լինելու նոր կառավարության գործունեության առաջնահերթությունները: Դեսպանին տեղեկացրի, որ մեր գործունեության առաջնային թիրախում են հայտնվել համակարգային բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ ուղղություններով ակնկալում ենք և ԱՄՆ-ի և միջազգային հանրության գործուն աջակցությունը:
Բացի այդ, պարոն Միլսի հետ զրույցում շեշտադրեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և ընտրական օրենսգրքի ու առհասարակ ընտրական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունները: Դեսպանը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել նոր կառավարության առաջ քաշած քաղաքական առաջնահերթություններն ու համագործակցել՝ առաջ շարժվելով հենց այդ ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև դատական համակարգի, առողջապահության և քաղավիացիայի հետ առնչվող ոլորտային հիմնախնդիրները: Հատուկ շեշտադրվեց այն փաստը, որ գործադիր իշխանությունը ոչ մի կերպ չի միջամտում դատարանների անկախ գործունեությանը, իսկ ներդրումային միջավայրում հաստատվում են հավասար պայմաններ: Այսինքն՝ ներդրողների համար նախատեսված արտոնություններն այլևս ընտրողաբար չեն տրվելու:
Եվ վերջում առանձնակի կարևորեցի հայ-ամերիկյան համագործակցությունն ու այն օրակարգը, որը մինչ այժմ գործել է՝ իհարկե ցանկություն հայտնելով ընդլայնել համագործակցության սահմանները»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետը: